11 անձի մեղադրանք է առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններին կաշառք բաժանելու համար


ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով 11  անձի մեղադրանք է առաջադրվել Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողներին կաշառք տալու և դրան օժանդակելու համար:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, ըստ առաջադրված մեղադրանքների` 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ի թիվս այլ թեկնածուների, առաջադրված է եղել կուսակցության Արաբկիր վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավար, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հ. Ա.-ն, ով միաժամանակ եղել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 56 հասցեում տեղակայված՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը: Նախընտրական շտաբի աշխատանքներում իրեն աջակցելու նպատակով Հ. Ա.-ն դիմել է «ՍԱՍ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող սուպերմարկետների ցանցի տնօրեն Ս. Ս.-ին: Վերջիններս համատեղ կազմակերպել և ղեկավարել են նախընտրական շտաբի աշխատանքները:
Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից ՀՀԿ-ի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և իր ներկայացրած կուսակցության համար ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով` Հ. Ա.-ն մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, մասնավորապես՝ ընտրողներին մեկ քվեի համար որպես կաշառք տալ 10.000 ՀՀ դրամ՝ ընտրություններին նրանց մասնակցությունը և ՀՀԿ-ի օգտին քվեարկելն ապահովելու համար: Այդ, ինչպես նաև նախընտրական շտաբի կողմից պայմանականորեն ստեղծված ենթաշտաբերի ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով Հ. Ա.-ն ներդրել է 48.417.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև նույն նպատակներով օգտագործելու համար Ս. Ս.-ի կողմից 2017 թվականի մայիս ամսվա սկզբին տրամադրված 15.000.000 ՀՀ դրամ գումարը:


Հ. Ա.-ն և Ս. Ս.-ն ներդրված գումարը որոշակի խմբաքանակներով (1.350.000 ՀՀ դրամից մինչև 8.250.000 ՀՀ դրամ) նախընտրական փուլում՝ 2017 թվականի մայիսի սկզբից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, բաշխել են պայմանականորեն որպես ենթաշտաբերի և ընտրատեղամասերի պատասխանատուներ նշանակված, Արաբկիր վարչական շրջանի առանձին տեղամասերում ընտրողների վստահությունը վայելող իրենց համախոհներին՝ նրանց օժանդակությամբ կաշառքի գումարներն ընտրողներին հասցեական տալու և իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու համար:
Ի թիվս այլ անձանց, հիշյալ նպատակներով գումարներ են հատկացվել ենթաշտաբերի և տեղամասերի պատասխանատուներին։
Հ. Ա.-ից և Ս. Ս.-ից ստանալով ընտրողների համար նախատեսված կաշառքի գումարները` ենթաշտաբերի և տեղամասերի պատասխանատուները Արաբկիր վարչական շրջանի մի խումբ ընտրողների որպես կաշառք տվել են մեկ քվեի դիմաց 10.000-ական ՀՀ դրամ:
Հ. Ա.-ի, Ս. Ս.-ի և նրանց օժանդակող անձանց հիշյալ գործողություններով խաթարվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքի էությունը:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հ. Ա.-ին և Ս. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել:
Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հանցագործության կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու նպատակով քրեական գործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:


Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։