«Փաշինյանը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված Պուտինից օգնություն չի խնդրել». Պեսկով

«Փաշինյանը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված Պուտինից օգնություն չի խնդրել». Պեսկով

Նիկոլ Փաշինյանը ուրբաթ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված Մոսկվայի կողմից օգնության թեման: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ոչ, Փաշինյանն օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ: Այս մտահոգությունը կիսել է նաև նախագահ Պուտինը: Եվ նախագահ Պուտինը շեշտել է եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը: Առաջին հերթին այն դրույթը, որը վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանման հրաժեշտության մասին»,-ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը և Փաշինյանը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնումը:

Հայկական կողմի նախաձեռնությամբ՝ մայիսի 13-ին, ուշ երեկոյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Շարունակվել է քննարկումը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ:

Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթները խստորեն պահելու անհրաժեշտությունը` առաջին հերթին հրադադարի ռեժիմի խիստ պահպանման առումով:

Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու և Երևանի և Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը `տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի նախագահին, հանդես է եկել կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին, որպեսզի բոլոր առաջացող խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով:

Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և նյութատեխնիկական կապերի վերականգնման խնդիրներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների վերաբերյալ:

ՀՀ կառավարությունը ևս հայտարարություն է տարածել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ:

Ըստ հաղորդման, Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:

Նիկոլ Փաշինյանը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ ինքն այսօր հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակարգերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար:

Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան և հույս հայտնել իրավիճակի արագ կայունացման ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով:

Կիսվել սոցիալական ցանցերում