Ռոբերտ Քոչարյանն աղետի գոտին է վերականգնել, ներգաղթ է ապահովել, ես ուրանալու բնավորություն չունեմ․ Վարդան Ղուկասյան.Tert.am


Ես չգիտեմ, նման բան չեմ տեսել, չեմ լսել։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով հակահեղափոխության ալիքին։ 

Ինչ վերաբերում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալուն, Ղուկասյանն ասաց․ «Ես երկար տարիներ Քոչարյան Ռոբերտի հետ աշխատել եմ և հարգում եմ Քոչարյան Ռոբերտին»։ 

Նա այս պահին դժվարանում է ասել՝ արդյոք ինքը կհամագործակցի Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ «եթե»-ներով չի խոսում։ Դիտարկմանը, որ Քոչարյանն արդեն իսկ հայտարարել է, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Վարդան Ղուկասյանն արձագանքեց․ «Շատ լավ է անում, ինքը գիտի՝ ես իր հետ 10 տարի աշխատել եմ, և աղետի գոտին, որ վերականգնել է Ռոբերտ Քոչարյանը, փաստ է։ Ես իրեն հարգում եմ»։ 

Մի բանում Ղուկասյանը հստակ է՝ նա չի ուրանում Քոչարյանի տարիների ՀՀ-ում տեղի ունեցած դրական փոփոխությունները․ «Հարգում եմ, որովհետև կառուցել է այդքան բան, պատերազմին մասնակցել է, այդքան երկիրը կառուցել է։ Արտագաղթ չկար, ներգաղթ կար, բացի այդ ես ամեն ինչ ուրանալու բնավորություն չունեմ, բայց որևէ մեկին սապնվել էլ չեմ սիրում, ինչ-որ հստակ տեսել եմ, այն էլ ասում եմ»,- շարունակեց Վարդան Ղուկասյանը։ 

Հարցին, որ Ռոբերտ Քոչարյանի անունը կապվում է «Մարտի 1»-ի ու «Հոկտեմբերի 27»-ի հետ, պատգամավորը  պատասխանեց․ «Երբ բերում, մեկին փաթաթում եք «Մարտի 1», «Հոկտեմբերի 27», փաստերով խոսեք, եթե նման բաներ լինեն, միանշանակ է, որ չենք ընդունի նման մարդուն։ Քննչական մարմինները թող աշխատեն, 30 տարի է՝ աշխատում են, սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի»։

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։