ԼՂ հակամարտության կողմերը պետք է մթնոլորտ ստեղծեն առաջընթաց գրանցելու համար. Զախարովա

Ռուսաստանը կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհրաժեշտ միջնորդական աջակցություն տրամադրել փոխզիջման ձեռքբերման համար, սակայն կողմերը նույնպես պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի համար։

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում, իհարկե, ուսումնասիրում են այն ամենն, ինչ ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով, ուսումնասիրվում են «համապատասխան երկրներում հնչող բոլոր հայտարարությունները»։

Զախարովան հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է մնում։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է մնում, մենք ելնում ենք նրանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով (դուք գիտեք մեր այդ ավանդական դիրքորոշման մասին)՝ հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր կշարունակի կողմերին անհրաժեշտ միջնորդական աջակցություն տրամադրել փոխզիջման ձեռքբերման համար։ Զախարովան ընդգծել է, որ կողմերը նույնպես անկասկած պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի համար։

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։