Գյումրու բնակչը բահի երկաթյա մասով բազմաթիվ հարվածներ հասցրել համաքաղաքացուն․ ՔԿ

Գյումրու բնակչը բահի երկաթյա մասով բազմաթիվ հարվածներ հասցրել համաքաղաքացուն․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Գյումրի քաղաքի 48-ամյա բնակչի կողմից համաքաղաքացուն թրաֆիքինգի ենթարկելու և դիտավորությամբ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 48-ամյա տղամարդը տեղեկանալով համաքաղաքացու աշխատանք չունենալու և եկամտի այլ աղբյուրների բացակայության պատճառով նրա մոտ առաջացած վիճակի խոցելիության մասին, 2018թ. սեպտեմբերին առաջարկել է նրան Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղում զբաղվել անասնապահությամբ՝ խոստանալով վարձահատույց լինել անասունների ծնած հորթերով:

Համաքաղաքացու մոտ ստեղծելով վախի զգացողություն, 48-ամյա տղամարդը սահմանափակել է նրա ազատ տեղաշարժը, նրան պահել է իր տանը՝ մարդու կենցաղային մինիմալ պայմանների բացակայությամբ: Մինչև 2020թ. մարտի 28-ը, գտնվելով ստրկության վիճակին հավասարեցված պայմաններում, տղամարդը զբաղվել է անասունների խնամքով, կատարել նվաստացուցիչ աշխատանք, որի դիմաց որևէ կերպ չի վարձատրվել:

Բացի այդ, 2020թ. մարտի 24-ին, տղամարդն իր տան մոտ ծեծի է ենթարկել համաքաղաքացուն՝ ձեռքերով ու ոտքերով, ինչպես նաև բահի երկաթյա մասով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել սոցիալական ցանցերում