Գյումրիում  ռազմագերիների հարազատները ճանապարհներ են փակել

Գյումրիում ռազմագերիների հարազատները ճանապարհներ են փակել

Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատները ևս բողոքի ակցիաներ են իրականացրել՝ Գյումրիում փողոցներ փակելով։

Գրեվարված Հայկազ Հովհաննիսյանի եղբայրը՝ Արկադի Հովհաննիսյանը, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք վրդովվել և հուսալքվել են գերիների վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններից։

«Մեր տղաներին ոչ ոք իրավունք չունի մեղադրելու դավաճանության մեջ, պահանջում ենք վերադարձնեն և քննություն իրականացնեն։ Ինչպե՞ս կարելի է հայտարարություններ հնչեցնել, թե գերիները իրենց համար չկան, գոյություն չունեն։ Պետությունը պարտավոր է տղաներին հետ բերել»,-ասաց նա։

Արկադի Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց հետ փորձել են բանակցել միայն ոստիկանությունից, փորձել են կապ հասատել մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն չի հաջողվել։

Արկադի Հովհաննիսյանն ասաց, որ փոխանցում է բոլոր հարազատների խոսքերը՝ իրենք չեն լռելու, պայքարելու են, մինչև որդիներին չվերադարձնեն։

Հիշեցնենք, որ գերիների և անհետ կորածների հարազատներն այսօր երեկոյան բողոքի ակցիա են արել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա և հանդիպի իրենց հետ։ Ավելի ուշ նրանք մի քանի ժամով փակել էին Հանրապետության հրապարակ մտնող մի քանի փողոց։

Կիսվել սոցիալական ցանցերում