Բողոքում են Գյումրու նորաստեղծ կարի գործարանի աշխատակիցները

Բողոքում են Գյումրու նորաստեղծ կարի գործարանի աշխատակիցները

Տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող «Սաստեքս» նորաստեղծ ընկերությունում բողոքի ակցիա է սպասվում: 
Ընկերությունը, որ Գյումիում հիմնադրվեց 12 մլն ԱՄՆ դոլար արժեքով, 700-800 աշխատատեղ էր ստեղծելու: Ընկերությանն է տրամադրվել նախկին մարզային հիվանդանոցի շենքը եւ հարակից տարածքները: Ընկերության պաշտոնական բացումը տեղի ունեցավ 88 թվականի աղետի 30-րդ տարելիցի օրը, որին ներկա գտնվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընկերության տնօրեն Քրիստիան Գելիջին տեղեկացրել էր, որ արդեն 150 աշխատակից է ընդունել աշխատանքի: Գործարարը Նիկոլ Փաշինյանի հետ եւս մեկ ընկերության հիմնարկեք կատարեց: Սակայն նորաստեղծ ընկերությունում բողոքի ալիք է հասունանում: Աշխատակիցները բողոքում են աշխատավարձի չափից: Ըստ վերջիններիս` մեկ ամիս աշխատելուց հետո վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ վաստակած գումարը չի գերազանցում անգամ 40 հազար դրամը: «Արդեն 3 ամիս աշխատում եմ: Հենց աշխատավարձի օրը գալիս է, պարզվում է` գրեթե գումար չունենք ստանալու: 10 րոպե որ ուշանում ենք, աշխատավարձից են հետ պահում, կամ էլ կարածներս չեն հավանում ու գումար են կրճատում: Խայտառակություն է, ամբողջ օրը գործարանում ենք, բայց գումար չենք ստանում»,-ասաց բանվորներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ: Այս օրերին էլ, ըստ աշխատակիցների, տնօրենը պարտադրում է աշխատանքային պայմանագրեր կնքել առանց մեկնաբանելու, թե ինչքան աշխատանքի դիմաց ինչ աշխատանք են կատարելու: Գործարանում վախի մթոնլորտ է, դա է պատճառը, որ բանվորները չեն ցանկանում ներկայանալ. «Մինիմալ աշխատավարձը 55 հազար դրամ է, պայմանագրերում նշված չէ, թե ինչքան գործի դիմաց ինչ գումար ենք ստանալու, կամ ստանալու ենք, թե ոչ: Թույլ չեն տաիս հարց տալ: Մենք հիմա օրական 65-70 բանվորական տաբատ ենք կարում: 

Մինչ այդ մեզ ասացին, որ օրական պետք 100-120 հատ կարենք, ինչը հնարավոր չէ, մենք ի վիճակի չենք ֆիզիկապես: Եթե մենք այդ 70 գործը անենք, արդյոք 55 հազար դրամ կստանա՞նք: Ոչ մի տեղ թիվ գրված չէ: Հիմա էլ կարող են գալ ու ասել` 12 հատը հանեցիք, կստանաք 55 հազար դրամ, պակաս եղավ, վստահ եմ գումարը կիսվելու է: Մինչ այդ ասում էին` պայմանագրերը կնայեք, ուզեցիք` կստորագրեք, չուզեքից` չեք ստորագրի: Իսկ հիմա ասում են` ում ձեռք չի տալիս, թողեք գնացեք»-ասաց բանվորներից մեկը: Աշխատանքային պայմանագրերում նաեւ նշված է, որ եթե պայմանագիրն աշխատակիցը խզի ժամանակից շուտ, ապա կպարտավորվի 100 հազար դրամ գումար վճարել. «Եթե մեզ ձեռք չտա, ու որոշենք չաշխատել, ո՞նց ենք այդ 100 հազար դրամը վճարելու: Ի՞նչ ստրկատիրական կարգեր են: Մեզ, այսինքն, ստիպելու են գրեթե առանց գումարի աշխատել»,-ավելացրեց բանվորը: Ընկերության տնօրենը` շվեյցարահայ գործարար Քրիստիան Գելիջին, մեղադրանքները համարում է ոչ հիմնավորված: Ըստբ վերջինիս` աշխատանքային պայմանները նորմալ են. «Ես այս գործարանները չեմ սարքել, որ ամեն մեկը գա, իր համար սարքի մի բուն ու առանց աշխատանքի ամեն ամիս փող ստանա: Ամեն մարդ պետք է գա ու իր գործը, իր վրա դրված պարտավորությունը կատարի: Մարդիկ ներկա լինելու համար չեն վարձատրվելու, մարդիկ աշխատելու համար են փող ստանալու: Եթե սաղ օրը նստի, իհարկե, փող չեմ տալու»,-ասաց գործարար Քրիստիան Գելիջին: Այն, որ աշխատանքային պայմանագրեր են ստորագրվում, Քրիտսիան Գելիջին հաստատեց, բայց այն, որ դժգոհություն կա, հերքեց. «Մեր մոտ չգրանցված աշխատողներ չկան, ես բոլորի հետ եմ պայմանագիր ստորագրում: Բայց աշխատավարձերի չափերը խիստ տարբեր են: Գործարքայինի դեպքում աշխատավարձի չափ չենք նշում: Լինում է ամիս` 100 հազար են աշխատում, լինում է ամիս` 60 հազար. ո՞նց կարող ենք աշխատավարձի չափ նշել: Առաջին 3 ամիսը մենք չենք կարող շատ գումար տալ: Մենք պատրաստ ենք սովորեցնելու, երեք ամիսը սովորեն, հետո կբարձրանա: Բանվորներ ունենք` 150 հազար դրամ փող են ստանում»,-ասաց Քրիստիան Գելիջին: Տնօրենի հետ, սակայն, բանվորները համամիտ չեն: Եթե պայմանները չվերանայվեն, առաջիկայում բողոքի ակցիայով հանդես կգան: 

Նյութի աղբյուրը՝ Armlur.am:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։