Բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել Հայաստան ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով. ՀՀ ԱԳՆ

Բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել Հայաստան ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով. ՀՀ ԱԳՆ

ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2021թ. հունվարի 12-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ. հուլիսի 11-ը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց համար Հայաստանի Հանրապետություն ցամաքային ճանապարհով մուտք գործելու սահմանափակումները վերացվել են և այսուհետ բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով։ 

Հայաստանի Հանրապետության տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունն իրականացրած բժշկական կառույցի բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անհապաղ կատարվում է զննություն (հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում՝ լրացուցիչ հարցումների իրականացում)՝ վարակի ախտանշանների բացահայտման նպատակով, ստուգվում է սերտիֆիկատի առկայությունը:

Սերտիֆիկատ չունեցող անձինք ենթակա են նմուշառման օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:

Զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:

ՊՇՌ հետազոտության և հնարավոր բուժման հետ կապված ծախսերը հոգում է քաղաքացին։

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով