Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառ./կմ ինքնիշխան տարածք. Փաշինյան

Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառ./կմ ինքնիշխան տարածք. Փաշինյան

Այսօր ժամը 13.00-ի շրջանում ադրբեջանական Զինված ուժերը հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Հայաստանի ԶՈւ-ն հակառակորդին հակազդելու գործողություններ է իրականացրել։ Այս մասին Անվտանգության Խորհրդի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա։ Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ»,- ասաց նա։

Փաշինյանը շեշտեց, որ տեղի ունեցողին կարելի է տալ մեկ գնահատական.

«Սա ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառ./կմ ինքնիշխան տարածք։ Միջազգային հանրության մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր գործողությունները։ Իմ գնահատականը միանշանակ է։ Ադրբեջանը և նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը, պետականությունը, անկախությունը։ Այո, այսօր մենք ծանր օր ենք ունեցել, ծանր ժամանակներ ենք ապրում։ Բայց այսօր ցույց ենք տվել`մենք կանք, մենք պետություն ենք, մենք պետական ազգ ենք, և պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է։ Մենք կարող ենք բանակցել, փնտրել և գտնել փոխընդունելի լուծումներ, մենք մեզ պահում ենք որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, բայց մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել ամբարտավանության լեզվով»:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց միջազգային հանրությանը` Ադրբեջանի գործողությունները դատարապարտող հասցեական հայտարարություններ ընդունել։

«Սահմանային վեճերի մասին խոսակցությունները անհեթեթ են և անիմաստ։ Չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա։ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ են դեռ Խորհրդային Միության տարիներին ընդունած իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով և եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, Ադրբեջանը վաղուց պիտի ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային ետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը։ Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն և պետք է աներկբայորեն հանի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Սեփական կամքը ՀՀ-ին պարտադրելու հույսերը սին են»,- նշեց վարչապետը։

Վարչապետը ընգծեց, որ ՀՀ կառավարությունը և ժողովուրդը վճռական են և բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու են մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունը և անկախությունը։

«Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք ընդգծել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, և նախկինում մեր արած բոլոր առաջարկությունները ուժի մեջ են։ Մենք հավատարիմ ենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին»,- ասաց նա և վերադառնալով սահմանային իրադրությանը, նշեց.

«Այս պահին սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Մենք շարունակաբար և ճշգրտված տեղեկություններ կհաղորդենք ՀՀ քաղաքացիներին»։

Կիսվել սոցիալական ցանցերում